Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավերով, հուլիսի 15-20-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական եւ քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր: Պատվիրակությունը կմասնակցի նաեւ Երեւանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախատեսվում են նաեւ այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաեւ հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:




























