Լոս-Անջելեսի ոստիկանությունը Վան-Նայս քաղաքում նախօրեին ձերբակալել է 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ կասկածվող եւ շուրջ 18 ամիս հետախուզման մեջ գտնվող Զարեհ Մանջիքյանին: Մանջիքյանին մարտին ձերբակալել էին Պուերտո-Ռիկոյում, սակայն դատավոր Գլորիա Մայնարդը անհասկանալի պատճառաբանությամբ գրավի դիմաց ազատ էր արձակել նրան: Մանջիքյանը կրկին անհետացել էր, եւ ոստիկանությունը կրկին հետախուզում էր հայտարարել: Մանջիքյանը ձերբակալության ժամանակ հայտնել է, թե անձամբ ուզում էր գալ եւ ներկայանալ իրավապահներին:
Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերին: Մայք Եփրեմյանը հեռախոսով վիրավորական արտահայտություն էր արել իր ծանոթուհի Քեթ Վարդանյանի հասցեին, եւ վերջինս իր պատիվը պաշտպանելու համար դիմել էր իր ազգական Մանջիքյանին ու նրա ընկերներին:
Հյուսիսային Հոլիվուդում վեճի ընթացքում Մանջիքյանը ատրճանակով կրակել էր Եփրեմյանի պարանոցին եւ փախուստի դիմել: Մի քանի ամիս առաջ Լոս-Անջելեսի ոստիկանները ձերբակալել էին գործով մյուս կասկածյալ Վահագն Յուրյանին:
Պուերտո-Ռիկոյի դատավորի որոշումից հետո հայ համայնքում բողոքի ալիք էր բարձրացել, իսկ օրեր առաջ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակով դիմել էր արդարադատության նախարար Էրիկ Հոլդերին` խնդրելով բոլոր միջոցները ձեռնարկել եւ ձերբակալել Մանջիքյանին:




























