Apple ընկերությունը սկսել է հաջորդ սերնդի բջջային պրոցեսորների՝ A6-ի արտադրությունը: Այն արտադրվում է թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC) ընկերության գործարանում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։

Հաղորդվում է, որ TSMC-ը Apple-ի համար կպատրաստի A6 չիպերի փորձնական խմբաքանակը։ Եթե Apple-ի հավանություն տա միկրոպրոցեսորների թողարկման ծավալներին ու որակին, ապա թայվանական ընկերությունը խոշոր պատվեր կստանա։ TSMC-ում այս տեղեկատվությունը հրաժարվում են մեկնաբանել։

A6 չիպի բնութագիրը չի բացահայտվում։ Ենթադրում են, որ այն կդառնա առաջին քառամիջուկ պրոցեսորը Apple-ի «բջջային» արտադրությունների սերիայում։ Դրա հիման վրա ստեղծված սարքերը շուկայում կհայտնվեն հավանաբար 2012թ., մանրամասնում է СNET News-ը։

 A4 եւ A5 չիպերը, որոնք կիրառվում են iPhone 4 սմարթֆոնում եւ iPad 2 պլանշետում,  Apple-ի համար պատրաստում է Samsung ընկերությունը։ Չի բացառվում, որ Apple-ը նախընտրել է A6 չիպերի արտադրությունը այլ ընկերության պատվիրել՝ Samsung-ի հետ դատական քաշքշուկների պատճառով, որը շարունակվում է 2011թ-ի ապրիլից։

Հիշեցնենք, որ երկու ընկերությունները իրար են մեղադրում  արտոնագրերի խախտման համար։ Apple-ը պնդում է, որ Galaxy սերիայի սմարթֆոնները եւ պլանշետները կրկնօրինակում են iPhone-ը եւ iPad-ը։ Իսկ Samsung-ը դրան ի պատասխան հայտարարում է, որ Սթիվ Ջոբսի ընկերությունը անօրինական կերպով օգտագործում է հեռահաղորդակցության ոլորտի իր մշակումները։