Կային մի շարք պահեր, որոնք թույլ չտվեցին Կազանում ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Apa.az-ին տված հարցազրույցում ասել է փորձագետ, Հայֆայի համալսարանի եւ Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Բրենդա Շաֆֆերը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը։
«Առաջին հերթին, դրան խանգարեցին Պուտինի ու Մեդվեդեւի հարաբերությունները։ Չեմ կարծում, որ Պուտինը Մեդվեդեւին թույլ կտա նախագահ եղած ընթացքում մի քանի էական դիվանագիտական հարցեր լուծել։ Երկրորդ, Ռուսաստանն իսկապե՞ս շահագրգռված է այս հակամարտության լուծման հարցում»,- ասել է Շաֆֆերը։
Փորձագետը նշել է, որ Հայաստանը նախկինի նման զիջումների չի գնում, եւ դրա վկայությունը հայ-թուրքական սահմանի բացման հարցն է։ «Եթե Հայաստանը փոքր զիջումների գնար, Թուրքիան կբացեր սահմանը։ Եւ դա իմաստուն քայլ կլիներ։ Սա ցույց է տալիս, որ հայկական կողմն իսկապես պատրաստ չէ փոխել ստատուս քվոն»,- ասել է Շեֆֆերը։
Նա նաեւ նշել է, որ 2012-2013 թվականների ընտրությունները ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա։




























