Վրաստանում լրտեսության մեջ կասկածվող, ձերբակալված լուսանկարիչներից մեկը` Եվրոպական ֆոտոգործակալության ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Այս մասին վրացական «Նովոստի Գռուզիային» տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳՆ լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեի պաշտպան Ռամաս Չինչալաձեն:
Պաշտպանը հրաժարվել է ներկայացնել խոստովանական ցուցմունքի բովանդակությունը, հավելելով, որ ինքը չգիտի, թե արդյոք Վրաստանի ՆԳՆ-ն կհրապարակի՞ այդ ցուցումնքները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին: Նատիան ավելի ուշ ազատ էր արձակվել: Նրանց առաջադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք, որի համար սպառնում է 8-12 տարվա ազատազրկում:
Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է Իրակլի եւ Նատիա Գեդենիձեների խոստովանական ցուցմունքները, ինչպես նաեւ Կուրցիկիձեի հեռախոսային բանակցությունները Աբդալաձեի եւ Իրակլի Գեդենիձեի հետ, նաեւ գաղտնի նյութերի մի մասը, որոնք հայտնաբերվել են ձերբակալվածների մոտ:




























