Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ. Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է: