Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է «անհիմն գաղափարական ապատեղեկատվությունը» COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով իմունիզացման ազգային արշավներին, հայտնում է Reuters-ը։

«Մենք հասկացանք, որ այն վայրերում, որտեղ արդյունավետ պատվաստումների քարոզարշավ է իրականացվել, հիվանդության ծանր հետեւանքների ռիսկը նվազել է,- ասել է նա Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսին ուղղված իր ամենամյա ուղերձում:- Ուստի կարեւոր է շարունակել ջանքերը ամբողջ բնակչությանը հնարավորինս իմունիզացնելու համար»։

Պոնտիֆիկոսը դատապարտել է պատվաստումների վերաբերյալ գաղափարական հայտարարությունները. «Ցավոք, մենք ավելի ու ավելի ենք հայտնաբերում, որ ապրում ենք ուժեղ գաղափարական տարաձայնությունների աշխարհում: Մարդիկ ազդվում են պահի գաղափարախոսությունից, որը հաճախ հիմնված է անհիմն տեղեկության կամ վատ փաստագրված փաստերի վրա,- ասել է նա:- Պատվաստումները բուժման կախարդական միջոցներ չեն, բայց դրանք, ի լրումն այլ բուժումների, որոնք անհրաժեշտ է մշակել, անկասկած հիվանդությունների կանխարգելման ամենախելացի լուծումն են»:

Հռոմի պապը, ով ինքն ամբողջությամբ պատվաստված է, «կանխարգելման եւ իմունիզացման միջոցով ընդհանուր բնակչության բարօրությանը հասնելուն» գլոբալ քաղաքական հանձնառության կոչ է արել:

Նա կրկնել է աղքատ երկրների միջեւ պատվաստանյութերի արդար բաշխման իր կոչը՝ հայտարարելով, որ արտոնագրերի վերաբերյալ «մենաշնորհային կանոնները» պետք է մի կողմ դրվեն՝ հանուն համընդհանուր շահի: