Նոյեմբերի 3-4-ին Թեհրանում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը` «Հյուսիս-հարավ» երկաթգծային նախագծի շրջանակներում: Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդով:

«Հյուսիս հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը ենթադրում է մեկ միասնական երկաթգիծ Եվրոպայից՝ Ռուսաստանով, Ադրբեջանով եւ Իրանով դեպի Հնդկաստան եւ Հարավ-Արեւելյան Ասիայի մյուս երկրներ: Այս նախագծի իրականացման համար պահանջվում է 400 միլիոն դոլար, ընդ որում՝ աշխատանքների մեծ մասը պետք է կատարի Իրանը, որը չունի երկաթգիծ մինչեւ Ադրբեջանի հետ սահման: Որոշակի աշխատանքներ պետք է կատարի նաեւ Ադրբեջանը՝ մոտ 35-40 միլիոն դոլարի չափով: Դրա մեջ մտնում է 8,5 կմ երկաթգծի շինարարություն մինչեւ Աստարա կայարան, որտեղ կլինեն անիվների փոփոխման կետ, ինչպես նաեւ սահմանապահ եւ մաքսային ծառայություններ: Անհրաժեշտ է նաեւ սահմանային երկաթգծային կամուրջ կառուցել, սակայն այդ նախագծի իրականացումը պետք է իրականացվի Իրանի հետ միասին:

Այս միջանցքով բեռների տեղափոխման առումով կանխատեսվում է, որ սկզբնական փուլում այն տարեկան կկազմի 5 միլիոն տոննա, իսկ հետագայում նախատեսվում է ավելացնել՝ հասցնելով տարեկան 10-15 միլիոն տոննայի:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ նույնպես քննարկվում է երկաթգիծ կառուցելու գաղափարը: