Ես ոչ մի ակնկալիք չունեմ այս կառավարությունից, բոլորն արհամարհած ունեն գերիների ծնողներին, բայց մոռանում են, որ այդ տղաների կյանքի գնով են հիմա իրենք ապրում: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց շիրակցի գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մի կին:
«Պարոն Վարչապետ, եթե դուք արհամարհում եք ահյ ծնողներին, ես դիմում եմ ձեր տիկնոջը՝ տիկին Աննա Հակոբյան, ես ապրում եմ Գյումրիում, եթե բարեհաճեք, մոտեցեք մեզ, մենք բազմաթիվ հարցեր ունենք ձեզ դիմելու: Եթե դուք ուզում եք երջանիկ ապրել ձեր երեխաների հետ ես էլ որպես մայր, որպես տատիկ ուզում եմ որդիս ապրի իր ընտանիքի հետ:
Էդ տղաները հայրենիք են պահել, որ էսօր զինվորի մայրը գա էստեղ արհամարհանքի արժանանա՞: Խորտակեցին մեր տղաների ապագան, գերու պիտակը կպցրեցին, ինչի՞ համար: Ի՞նչ է իրենց տվածը մի անձնագիր, ես պատրաստ եմ դա վերադարձնել»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցների խոսքով, իրենց անընդհատ խոստանում են, որ շուտով վերադառնալու են գերիները:
Նշենք, որ Շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։
Վերջին անգամ նրանք այստեղ ակցիա են անցկացրել Ամանորի գիշերը: Նրանց ձեռքին կային անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:
Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու եւ մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։











