«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, եւ համապատասխան որոշումն իշխանությունները կայացրել են նրա հայտարարություններից հետո այն մասին, որ նա պատրաստ է պաշտպանել ՀՀ Սյունիքի մարզի սահմանները եւ կռվել թուրքերի դեմ։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նա նշեց, որ նրա գործով հետաքննությունը տեւեց մեկ տարի, եւ ինչ-ինչ պատճառներով կալանավորելու որոշումը կայացվեց հենց վերոնշյալ հայտարարությունից հետո։
Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ Սյունիքը գլխատելու գաղափարն իրականացվում է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից առաջ բանակը վարկաբեկելու նույն սկզբունքով, այդ քաղաքականության տրամաբանության մեջ է նաեւ մարզի համայնքների ղեկավարների ձերբակալությունը։
Արդարադատության գեներալ-մայորը հիշեցրեց, որ այժմ Մինասյանին փաստական տվյալների եւ ապացույցների բացակայության պայմաններում նոր մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի զենք է ձեռք բերել եւ պահել։ «Մինասյանը մասնակցել է ղարաբաղյան երեք պատերազմներին, նրա որդիներն էլ են մասնակցել մարտերին»,- ասել է նա։
Թաթուլ Պետրոսյանը ներկայացրեց Աշոտ Մինասյանի պաշտպանության իր գլխավորած 21 հոգանոց խորհրդի (այն ներառում է քաղաքական գործիչներ, մշակութային գործիչներ, պահեստազորի սպաներ) առաջիկա անելիքները՝ երկու օրվա ընթացքում ասուլիս հրավիրելու, ինչպես նաեւ Սյունիքում դատական նիստին աջակցություն ցուցաբերելու հետ կապված:
Հայաստանի ներկայիս վարչապետն իշխանության գալուց հետո, ըստ նրա, երկար ժամանակ չէր կարողանում ոչնչացնել երկու ինստիտուտ՝ Մարդու իրավունքների պաշտպանին եւ դատական համակարգը։ «Սակայն, ցավոք, հիմա շատերն են գնում նվնվացող դատավորների ճանապարհով։ Սկզբունքային դատավորներ կան, բայց քիչ են։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ շուտով իշխանությունը կվերցվի, եւ այս իրավիճակի բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- եզրափակեց ընդդիմադիրը։




























