Անցած տարի Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 111 մլն դոլար։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
«Ո՞վ է ստացել այդ գումարը: Ի՞նչ հասցեներով են դրանք փոխանցվել։ Ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում ժողովրդին։ Այս հարցերի պատասխանները կտրվեն դատարանում, որը շուտով կկազմակերպվի գործող իշխանությունների ներկայացուցիչների դեմ»,-ասաց նա։
Ալվրցյանը հավելեց, որ մեր թշնամիների հետ համագործակցող Հայաստանի իշխանությունները պետք է հարված հասցնեին Արցախին, ինչն էլ արեցին։
«Սա բնական է, քանի որ դրա մեջ է հայ ժողովրդի ուժը։ 30 տարի մեր թշնամին պայքարել է Արցախի, մեր ուժերի դեմ»,-ընդգծեց նա՝ հորդորելով ժողովրդին դուրս գալ իշխանությունների դեմ, քանի դեռ ավելի չի վատացել իրավիճակը։
«Մտավորականության ներկայացուցիչներն էլ պետք է ելույթ ունենան, չլռեն»,-ասաց հայագետը՝ օրինակ բերելով այսօր մահացած բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, ով Ղարաբաղյան առաջին պատերազմի առաջին օրերից իրադարձությունների հորձանուտում էր, կորցրել էր որդուն, սակայն չէր հանձնվել։
Նա նաեւ հիշեցրեց «նախկինների» օրոք այսպես կոչված թալանչիների մասին, որոնք այժմ գործում են արդեն նոր իշխանական կերակրատաշտի մոտ։





























