Հայաստանի ներկայիս իշխանությունները ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու կարգախոսներով եկան, եւ հիմա ասում են, որ առաջին անգամ են գործարկել ՀԱՊԿ մեխանիզմը, բայց այս ամենի, առայժմ անհայտ հետեւանքները կարող են ընկնել մեր գլխին։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ հետեւանքների կհանգեցնեն նման քայլերը, բայց իշխանությունների բոլոր նախաձեռնություններն արդեն չորրորդ տարին անընդմեջ մեզ միայն աղետներ են բերում»,- ասաց նա։
Ալվրցյանը հիշեցրեց Փաշինյանին, որ ինքն էլ է իշխանության եկել փողոցից եւ արել ու անում են նույնը, ինչ անում էին մարդիկ Ղազախստանում, իսկ հիմա առանց խղճի խայթի դատապարտում է նույն մեթոդը, որ ինքն է կիրառել։
«Փաշինյանի գլխավորած խմբի հետ կապված՝ ժամանակին սխալ է թույլ տրվել՝ նրանք պետք է դատապարտվեին ցմահ ազատազրկման։
Երբ Հայաստանը սկսեց նախագահել ՀԱՊԿ-ում, Փաշինյանը հնարավորություն ուներ անհապաղ դիմել ՀԱՊԿ-ին՝ թշնամուն մեր տարածքից դուրս վռնդելու համար։ Ինչո՞ւ դա չարեց»,- հավելեց Ալվրցյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը լիովին կախված է Ռուսաստանից, թեեւ իշխանության է եկել Ռուսաստանին վիրավորելով, սակայն քաղաքականության մեջ նման բանը չի մոռացվում։




























