Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք լուրջ խախտում է պաշտոնական Բաքվի կողմից։ Այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները պետք է լուծեն այս հարցը։ Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք հանրապետության քաղաքացիների կյանքի եւ անվտանգության իրավունքի փաստացի խախտում է։
Միաժամանակ, օմբուդսմեն ընտրվելու դեպքում Գրիգորյանը մտադիր է կոնկրետ փաստերով եւ ապացույցներով ցույց տալ՝ ինչպես են ոտնահարվում ՀՀ քաղաքացիների իրավունքները։
«Օմբուդսմենը պետք է ձեւակերպի եւ կառավարությանը ներկայացնի համապատասխան առաջարկություններ։ Օրինակ, պետք է հստակեցնել, որ այս կամ այն բնակավայրում դպրոցի կառուցումը չի լուծում քաղաքացիների կրթության իրավունքի ապահովման հարցը»,-պարզաբանեց օմբուդսմենի թեկնածուն։





























