Սոֆիայում COVID-19-ի սահմանափակումների դեմ բողոքողները փորձել են գրոհել խորհրդարանը, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել նրանց եւ ոստիկանների միջեւ։
AP-ն հայտնում է, որ մեծ թվով ոստիկանների ներկայությունը թույլ չի տվել ցուցարարներին մուտք գործել շենք, եւ նրանցից ոմանք բերման են ենթարկվել: Բախումների ժամանակ մի քանի մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, վիրավորվել են։ Ի վերջո, ցուցարարները հետ են շպրտվել, իսկ ոստիկանները շրջափակել են շենքը։
Բռնությունները տեղի են ունեցել դիմակներ պարտադիր կրելու եւ պատվաստումների դեմ բողոքի ցույցի ժամանակ։
«Ցույցի նպատակն է վերացնել սահմանափակող միջոցները եւ, հատկապես, առաջին հերթին հակասահմանադրական «կանաչ վկայականը»,- հանրահավաքի նախօրեին հայտարարել է «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Կոստադին Կոստադինովը։
Մոտ 1000 ցուցարարներ, որոնք ծածանել են ազգային դրոշները եւ հայրենասիրական երգեր երգել, մնացել են Ազգային ժողովի դիմացի հրապարակում՝ հայտարարելով, որ ծրագրում են մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել պարտադիր դիմակներ կրելու եւ «կանաչ անցագրերի» վերացման իրենց պահանջները։
Բուլղարիան, որը բախվում է վարակների նոր աճի, Եվրամիության ամենաքիչ պատվաստված երկիրն է, որի բնակչության միայն մեկ երրորդն է ամբողջությամբ պատվաստված COVID-19-ի դեմ։
Վարչապետ Կիրիլ Պետկովը, ով գտնվում է կարանտինում, հանգստության կոչ է արել եւ ուրբաթ օրը ցուցարարներին հրավիրել է իր գրասենյակ, որպեսզի քննարկեն նրանց պահանջները։











