Ստամբուլում 18-րդ ջազ փառատոնի շրջանակներում կազմակերպված հերթական համերգի ժամանակ քուրդ երգչուհի Այնուր Դողանը քրդերեն երգ է կատարել, որն արժանացել է հանդիսատեսների մի մասի բողոքին։
Թուրքական Atilim կայքի փոխանցմամբ՝ համերգի ժամանակ, երբ Այնուր Դողանը կատարել է իր 3-րդ ստեղծագործությունը, հանդիսատեսներից մեկը բղավել է «Նահատակները չեն մեռնում, հայրենիքը չի բաժանվում» եւ փորձել սադրաքներ իրականացնել։ Ավելի ուշ հանդիսատեսների մի խումբ էլ սկսել է սուլել՝ կոչ անելով քրդերեն չերգել եւ հարգել նախօրեին սպանված 13 թուրք զինվորականների հիշատակը։
Հանդիսատեսների մի մասն էլ աջակցել է քուրդ երգչուհուն՝ բուռն ծափահարություններով ուղեկցելով նրան։ Այնուհետ դահլիճում բախումներ են սկսվել։ Քուրդ երգչուհին ստիպված լքել է դահլիճը։
Համերգից հետո փառատոնի կազմակերպիչներն իրենց անհանգստություն են հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, որ չպետք է մոռանալ արվեստի եւ մշակույթի համաշխարհային լեզվի մասին։

























