Երեւանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են որ, խոսելով Լիոնի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ հաստատված համագործակցության ծրագրի հետագա ընթացքի եւ շարունակականության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ, կողմերը նշել են, որ երկու քաղաքապետերի հանդիպումը նոր լիցք կհաղորդի Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ ձեւավորված բարի դրացիական հարաբերություններին:

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երեւանի ծրագրերում,  Կարեն Կարապետյանը համոզմունք  է հայտնել, որ երկու քաղաքների միջեւ փոխգործակցության լայն դաշտ կա եւ,  հաշվի առնելով առկա ներուժի  իրացման հնարավորությունը, քաղաքապետն առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ, Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ: «Մենք վստահ ենք, որ այն առաջարկները, որ ներկայացնում ենք ֆրանսիական գործընկերներին` շահավետ են: 

Պետք է սկզբունքորեն հասկանալ, որ քաղաքային կառավարման եւ համագործակցության մեջ օգնություն բառ չի կարող լինել: Անպայման ուզում եմ նշել, որ մենք առաջարկում ենք ֆրանսիական գործընկերներին իրենց մասնակցությունն ունենալ մայրաքաղաքում այսօր ձեւավորվող բիզնես ոլորտներում: Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, այլ ոչ թե քաղաքային բյուջեներից հատկացվող գումարների: Ներկայացվող ոլորտները բիզնես տրամաբանություն ունեն եւ ես վստահ եմ, որ շատ դեպքերում իրենք կարող են նաեւ Ֆրանսիայի այսօրվա շուկայից ելնելով ավելի շահութաբեր լինել: Սկզբունքորեն մեր նպատակը մեկն է` քաղաքների միջեւ  ձեւավորել համագործակցության դաշտ»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը:

Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երեւանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար եւ Երեւանի հետ համագործակցությունը կարեւոր է: « Մենք կարող ենք կապող օղակ դառնալ Երեւանի քաղաքապետարանի եւ Լիոնի մեծ ձեռնարկությունների միջեւ: Տեսանելի է, որ Երեւանը բավականին փոխվել է, զարգացումն ակնհայտ է, եւ ես վստահ եմ, որ այստեղ ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»,- նշել է Լիոնի քաղաքապետը:   

Հանդիպման վերջում Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ եւ փոխշահավետ ծրագրերի իրականացում:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի նաեւ Երեւանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:

Նախատեսվում են նաեւ այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաեւ հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: