ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հուլիսի 14-ին, քննարկելով Անվտանգության խորհրդի առաջարկը Հարավային Սուդանի անդամության վերաբերյալ, ընդունել է բանաձեւ` այդ երկիրը հռչակվելով որպես ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բանաձեւը համահեղինակել են 120-ից ավելի պետություններ` այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը, Հայաստանը եւ այլն:
ԳԱ-ի նիստում այս պատմական օրվա առիթով ելույթներով հանդես են եկել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային խմբերը նախագահող երկրների, ԱՄՆ-ի` որպես կազմակերպությունը հյուրընկալող երկրի, Սուդանի մշտական ներկայացուցիչները եւ Հարավային Սուդանի Հանրապետության փոխնախագահը:
Արեւելյան Եվրոպայի պետությունների խմբի (որին անդամակցում է նաեւ Հայաստանը) անունից հնչեցված ելույթում մասնավորապես նշվել է, որ «…Հարավային Սուդանի համար դեպի ԳԱ սրահը ճանապարհը բավականին դժվար էր ու երկար: 2011թ. հունվարին կայացած հանրաքվեն հստակորեն ապացուցեց, որ Հարավային Սուդանի ժողովուրդը միասնական է իր ինքնորոշման հարցում: Քվեարկողների 99 տոկոսը միանշանակ ընտրեցին ինքնիշխանության ճանապարհը: Այսօր, Հարավային Սուդանը թեւակոխում է իր զարգացման մի նոր, առավել կարեւոր ժամանակաշրջան, որտեղ ժողովուրդը կկարողանա կառուցել լիարժեք, ֆունկցիոնալ եւ բարգավաճ ազգային պետություն: Արեւելյան Եվրոպայի պետությունները պատրաստ են օգնելու եւ համագործակցելու Հարավային Սուդանի հետ այդ նպատակին հասնելու համար: Ցանկանում ենք նշել Սուդանի կառավարության կառուցողական մոտեցումը հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքին եւ հույս հայտնել որ նման համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում: Կոչ ենք անում երկու կողմերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում համաձայնեցնեն խաղաղության համապարփակ պայմանագրի լիարժեք կիրառման հետ կապված հարցերը»:
ԳԱ-ի նիստից հետո տեղի է ունեցել արարողակարգով նախատեսված Հարավային Սուդանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը:




























