Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը CNNturk հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցերի։

ԱՄՆ պետքարտուղարին տրվող հարցերի մի մասը վերաբերել են ահաբեկչության դեմ պայքարին եւ PKK-ի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը։ Քլինթոնը նշել է, թե ինքը ցավակցում է նախօրեին 13 թուրք զինվորականների սպանության համար՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը երբեք չի աջակցել PKK-ին։

«Սխալ է, երբ թուրք ժողովուրդը կասկածում է, թե ԱՄՆ-ը աջակցում է PKK-ին։ Մենք PKK-ի դեմ պայքարում թուրքական զինված ուժերի հետ կարեւոր համագործակցության մեջ ենք գտնվում։  Երբ մեր ձեռքը հետախուզական ինչ որ տվյալ է ընկնում, անմիջապես տրամադրում ենք թուրքական կողմին»,-ասել է Քլինթոնը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը PKK-ն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկը եւ մշտապես քննադատել նրա գործողությունները։

Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։