Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե Մարսիո Մատոսը նշել է, որ լինելով արեւադարձային խոշոր երկիր` Բրազիլիան տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել բնական աղետների, տարբեր արտակարգ իրավիճակերի հաղթահարման, բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Ներկայումս այն տեսական եւ պրակտիկ աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանին, որի հետ 2009թ. պայմանագիր է ստորագրվել համագործակցության վերաբերյալ:

Հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը, այն բնութագրել օրինակելի եւ նշել է աշնանը իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելության պատրաստակամության մասին: