Հայ ազգային կոնգրեսը ցանկության դեպքում կարող է վիժեցնել իշխանությունների հետ բանակցությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության անդամ, ՀԱԿ-իշխանություն երկխոսության նպատակով ստեղծված աշխատանքյաին խմբի անդամ Գագիկ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մինչ այժմ չի արձագանքել իշխանությունների առաջարկին` սկսել երկխոսություն: «Առայժմ պետք չէ շտապել` ՀԱԿ-ի լռության վերաբերյալ եզրակացություններ անելիս: Ամեն ինչ ցւյց կտա ժամանակը, իսկ հասարակությունը դրանից հետեւություններ կանի»,-նշեց Մինասյանը:
Իր հերթին նույն աշխատանքային խմբի անդամ ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, թե «կոնգրեսականների» լռությունը աշխատանքային խմբի ստեղծման հարցում պայմանավորված է այն հանգամանքով, որ իրենք չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
«Մենք չենք հասկանում, թե ում է ներկայացնում այդ աշխատանքային խումբը, գործադի՞ր իշխանությունը, օրենսդի՞ր, թե՞ կոալիցիային ամբողջությամբ վերցրած: Մենք պետք է այս ամենը հասկանանք, ինչից հետո կմշակենք մեր մարտավարությունը»,- նշեց Խաչատրյանը: Նա նաեւ ընդգծեց, որ ցանկացած դեպքում ՀԱԿ-ի պատասխանը մինչեւ հուլիսի 18-ը պարզ կդառնա: «Մենք այժմ էլ ենք քննարկումների մեջ, սակայն առայժմ վերջնական եզրակացության չենք հանգել, միակարծիք չենք»,- նշեց Խաչատրյանը:
Նշենք, որ Հայաստանի կառավարող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրել է հանդիպման: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանի (Օրինաց երկիր) մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ»:
Աշխատանքային խմբի անդամները հրավիրել են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին հուլիսի 18-ին` ժամը 16-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ` առաջին հանդիպման համար:




























