Վրաստանում ձերբակալված լուսանկարիչներից վերջինը՝ Գիորգի Աբդալաձեն խոստովանական ցուցմունքներ է տվել։ Այս մասին, ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, հուլիսի 16-ին հայտարարել է մեղադրյալի փաստաբան Ռամազ Չինչալաձեն։
«Գիորգի Աբդալաձեն խոստովանական ցուցմունքներ է տվել, սակայն մի կասկածելի հանգամանք կա։ Հարցաքննությունից 10 րոպե առաջ Աբդալաձեն փաստաբաններին ասել է, որ ինքն անմեղ է, սակայն քննիչի եւ դատախազի մոտ հակառակն է հայտարարել»,- ասել է նա։
Բոլոր 3 ֆոտոլրագրողները, ում մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, խոստովանական ցուցմունքներ են տվել։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին: Նատիան ավելի ուշ ազատ էր արձակվել: Նրանց առաջադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք, որի համար սպառնում է 8-12 տարվա ազատազրկում:
Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է Իրակլի եւ Նատիա Գեդենիձեների խոստովանական ցուցմունքները, ինչպես նաեւ Կուրցիկիձեի հեռախոսային բանակցությունները Աբդալաձեի եւ Իրակլի Գեդենիձեի հետ, նաեւ գաղտնի նյութերի մի մասը, որոնք հայտնաբերվել են ձերբակալվածների մոտ:




























