Երեկ, հուլիսի 16-ին Վիմ Վենդերսի «Պինա» կինոնկարի ցուցադրությամբ ավարտվեց «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր այս տարի Բեռլինի փառատոնում, նվիրված է լեգենդար պարուհի եւ խորեոգրաֆ Պինա Բաուշին:

Կինոնկարի ցուցադրությունից հետո կայացավ «Ոսկե ծիրանի» փակման արարողությունը, որը տեղի ունեցավ Սիլիկյան թաղամասում գտնվող ԼԱԹԱՐ հյուրանոցում, բաց երկնքի տակ, Արարատ լեռան ֆոնի վրա: Եղանակը, սակայն անակնկալ մատուցեց` հորդ անձրեւ եկավ, հյուրերին դեղին անձրեւանոցներ բաժանեցին, եւ բոլորը ծիրանի նմանվեցին: Սակայն ոչինչ ի զորու չէ եղավ ընդհատել մրցանակաբաշխությունը, նույնիսկ բնությունը, այնպես որ հաղթողների անունները շատ շուտով պարզ դարձան:

Նախ, Ատոմ Էգոյանը կինոյում ունեցած մեծ նվաճումների համար հատուկ մրցանակ հանձնեց հունգարացի ճանաչված ռեժիսոր Բելա Տարրին: «Գաս Վան Սենտը, Տարրի ֆիլմերից մեկը դիտելուց հետո հայտարարեց, որ այդ ֆիլմով իր պատկերացումները կինեմատոգրաֆի մասին փոխվեցին, - պատմեց Էգոյանը: - Եվ նա, ով հետեւում էր Վան Սենտի ստեղծագործությանը, անմիջապես նկատեց նրա ֆիլմերում տեղի ունեցած հսկայական փոփոխությունը: Սա ապացուցում է, թե ինչ մեծ է Տարրի դերը համաշխարհային կինոյում»:

Այնուհետեւ իրենց մրցանակները հանձնեցին տարբեր կազմակերպություններ. Բրիտանական Խորհուրդն ու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը առանձնացրեցին Հարութ Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմը, իսկ լավագույն սցենարային գաղափարի համար Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը ստացավ Էմիլ Մկրտչյանը («Տիեզերանավը»): Վերջերս ստեղծված Հայաստանի ազգային կինոակադեմիան նունպես իր մրցանակն է հիմնել: Այն տարավ մեքսիկացի ռեժիսոր Պաոլա Մարկովիչը («Մրցանակ»). Էկումենիկ ժյուրին կանգ առավ Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» ֆիլմի վրա, իսկ FIPRESCI-ի մրցանակը ստացավ Էբրահիմ Սայիդիի «Մանդու» ֆիլմը:

Այս տարի «Ոսկե ծիրանին» նոր «Կորիզ» մրցութային ծրագիրն ավելացավ, որը նախատեսված է կարճամետրաժ ֆիլմերի համար: Առաջին «Կորիզը» ստացավ Պյոտր Սուբոտինը «Գլազգո» կինոնկարի համար, իսկ ռեժիսոր Սերհաթ Կարաասլանին հատուկ մրցանակ ստացավ:

Հիմնական մրցութայն ծրագրերի մրցանակները բաշխվեցին հետեւյալ կերպ: «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթում Ոսկե ծիրան ստացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆահրադին «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համար, Արծաթե ծիրանը հասավ «Մուսանյան նոթեր» կինոնկարի հեղինակ Փարկ Չուն-բումը: Հատուկ մրցանակ հանձնվեց Պաոլա Մարկովիչին:

«Դոկումենտալ կինո» անվանակարգում Ոսկե ծիրանը ստացավ Ալեքսանդր Նանաուին («Աշխարհն ըստ Յոն Բ.-ի»), Արծաթե ծիրանը հասավ «Ամառային արոտավայր» ֆիլմի երեք հեղինակներ Լին Թրուն, Նելսոն Ուոքերը եւ Ցերինգ Պերլոն: Դիպլոմ հանձնվեց Ահմադ Սեյեդքեշմիրին («Հոյակապ ոչինչ»).

Եվ վերջապես, «Հայկական համայնապատկերում» գլխավոր մրցանակը ստացավ Հարութ Շատյանը «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմի համար, երկրորդ մրցանակը` Էմիլ Մկրտչյանը («Տիեզերանավը») եւ հատուկ մրցանակի արժանացավ Անասըասիա Պոպովան («Վարդագույն քաղաքի վերջին հիպպին»):

Այսօր, հուլիսի 17-ին մամուլի ասուլիսին ժյուրիի անդամները ամփոփեցին մրցույթի արդյունքները եւ կիսեցին իրենց տպավորությունները փառատոնի վերաբերյալ: Բոլորը այն կարծիքի էին, որ փառատոնը շատ լավ էր կազմակերպված: Իսկ լեփլեցուն դահլիճները եւ այս տարի ժամանած հայտնի հյուրերի անունները երաշխիք են հանդիսանում այն բանի, որ «Ոսկե ծիրանն» արդեն հասել է եւ տարեցտարի ավելի հյութեղ է դառնալու: