Աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում Երեւանն զբաղեցնում է 167 -րդ տեղը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, այդպիսի տվյալներ են ներկայացված  «Մերսեր» հետազոտական կենտրոնի վերջին զեկույցում, որն ուսումնասիրել է իր կողմից մշակած «միջազգային զամբյուղի» ցուցանիշները:

Կազմակերպության ներկայացուցիչ Մարի-Լոուրենս Սեպեդյենի խոսքով` զամբյուղում ընդգրկվել է շուրջ 200 անուն ապրանք ու ծառայություն:  Քանի որ հետազոտությունն իրականացվում է հիմնականում զբոսաշրջիկների եւ օտարերկրացիների համար, զամբյուղում հաշվարկված են ոչ միայն սնունդը, հագուստը, տրանսպորտի ծախսը, զվարճանքի համար անհրաժեշտ գումարը, այլեւ ամենակարեւորը` կացարանի վարձակալության գինը:

«Մերսեր»-ի տվյալներով` Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը Բաքուն է, որտեղ ապրելն ավելի թանկ է, քան Ամստերդամում, Մադրիդում ու Տորոնտոյում: Տարածաշրջանի ամենաէժան քաղաքը, արդեն երկրորդ տարին անընդմեջ, Թբիլիսին է: