Ուսումնական այս տարվանից սկսած առաջին անգամ Հայաստանում Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորմամբ կուսուցանվի «Մեխատրոնիկա» մասնագիտությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից: 4-ամյա կրթության արդյունքում ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար:
«Հայաստանում այդ տեխնոլոգիաներն առայժմ ակտիվ կիրառվում են սննդի արդյունաբերության ոլորտում: Սակայն առաջիկայում ակնկալում ենք, որ տարբեր հաստոցներ, հոսքագծերեւռոբոտներ կներդրվեն արդյունաբերության այլ ճյուղերում եւս: Իսկ դրանց կառավարման համար անհրաժեշտ մասնագետներ չկան եւ այս դասընթացը գալիս է լրացնելու այդ բացը»,- ասել է Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը: Նշենք որ դասընթացը մշակվել է Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի եւ Միացյալ Թագավորության Բրեդֆորդի քոլեջի միջեւ ձեւավորված երկամյա համագործակցության արդյունքում: 2007թ Բրիտանական խորհուրդը նախաձեռնել է «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթության ոլորտում ձեւավորել համագործակցություն Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ,նպաստել փորձի փոխանակմանը: Հենց այս ծրագրի շրջանակներում Երեւանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի եւ Բրեդֆորդի քոլեջի միջեւ հաստատվել համագործակցության ծրագիր եւ մշակվել դասընթացը:
«Մեխատրոնիկա մասնագիտության դասընթացը մշակել են հայ եւ անգլիացի մասնագետները` կիրառելով այս ոլորտում անգլիական փորձը: Մինչ դասընթացի ներդրումը Հայաստան են այցելել անգլիացի մասնագետներ, որին հետեւել են հայ ներկայացուցիչների եւ ուսանողների այցը Բրեդֆորդ` տեղում ծանոթանալու այդ երկրի փորձին», - նշել է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Նոր` մեխատրոնիկա մասնագիտության համար քոլեջն արդեն սկսել է հայտերի ընդունումը եւ ինչպես նշում է Արտաշես Աբրահամյանը, արդեն ստացել են մի քանի տասնյակ հայտեր, սակայն մրցույթի արդյունքում կընտրվի 20 ուսանող:




























