Հայաստանում 2011թ. ֆինանսավորվելու է 201 գիտական ծրագիր, ընդ որում`գիտական ծրագրերին այս տարի ֆինանսավորում է հատկացնում նաեւ մասնավոր բիզնեսը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեն կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների ֆինանսավորման 43 հայտ է ստացել, որոնցից 37-ը, ի զարմանս Հարությունյանի, գտել են համաֆինանսավորում ՀՀ մասնավոր բիզնեսից եւ մի շարք միջազգային կառույցներից։

Նշենք, որ 2011 թ. կիրառական հետազոտությունների բյուջետային ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի գիտնականը իր նախագծի համար մինչեւ 15 եւ ավել տոկոսի շրջանակներում ֆինանսավորում կարողանար գտնել նաեւ մասնավոր հատվածից։

Նշված մեթոդն ակնհատորեն տվել է իր արդյունքը. գիտնականներն ավելի ակտիվորեն են դիմում մասնավոր բիզնեսին, իսկ վերջինս էլ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ:

Կիրառական հետազոտությունների հայտերից 17 լավագույնները կֆինանսավորվեն օգոստոսի 1-ից։ Դրանիցի յուրաքանչյուրն արժե մոտ 36 հազար դոլար։ Այս գումարը, ըստ Ս. Հարությունյանի՝ լիովին բավարար է ծրագիրն իրականացնելու նպատակով անհրաժեշտ հետազոտություններ կատարելու, գործուղումների, սարքերի ձեռքերման համար եւ այլն։

«Ընդհանուր առմամբ 201 գիտական ծրագրերի ֆինանսավորումը բավականին լուրջ թիվ է: Եթե հաշվի առնենք, որ ծրագրերի մի մասը կիրառական նշանակություն ունեն, հնարավորություն է ստեղծվում էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները մասնավորի հետ»,-ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ այդ 201 ծրագրերում ընդգրկված են մինչեւ 35 տարեկան շուրջ 250 երիտասարդ գիտնականներ, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանք է տարվում նաեւ գիտության երիտասարդացման համար։