Համաշխարհային հռչակ վայելող Սանահինի վանական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակի մեջ, ողբալի վիճակում է (ֆոտոռեպորտաժ)։ Տանիքը կաթում է, ջրերն անցնում են պատերի մեջ, որոնք արդեն խոնավ են եւ սպիտակ փառով են պատված։ Առավել ողբալի վիճակում է գտնվում Զաքարյանների եւ Հարություն Երկայնաբազուկի դամբարանները, որոնք պարզապես ներծծված են անձրեւաջրերով։

Եկեղեցիների եւ դամբարանների տանիքները ծածկված են փարթամ բուսականությամբ, որը հարեւան ծառերի գագաթների հետ հեռվից հիշեցնում են Շամիրամի կախովի պարտեզները։ Չնայած պատկերի յուրահատուկ գեղեցկությանը՝ ծառերի արմատները ավերում են  շինությունների տանիքները։

Ինչպես հայտնեց եկեղեցու մոմ վաճառող կինը, վանական համալիրում պատարագներ շատ հազվադեպ են անցկացվում։ Ծառայությունը հիմնականում անցկացնում է Ալավերդի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հայր, որը համատեղության կարգով նաեւ Սանահինի հոգեւոր հովիվն է։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վանական համալիրն այդքան անմխիթար վիճակում, նա պատասխանեց. «Ինչո՞ւ է անմխիթար. Ուղղակի վերանորոգման եւ բարեկարգման համար միջոցներ չկան, խոսքը միլիոնների մասին է»։

Սանահինի վանական համալիրը կառուցեվել է 10-րդ դարում։ Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ընդգրկված են նաեւ Գեղարդի, Հաղպատի վանքերը եւ Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը):