Երեւանում այսօր` հուլիսի 18-ին սկսվել է ՀԱԿ-ի ու իշխող կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը: Այն փակ է լրագրողների համար:
Մինչ հանդիպումը, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ հանդիպման ժամանակ կողմերը կփորձեն օրակարգ ձեւավորել, որի շուրջ հետագայում կընթանա երկխոսությունը:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանն իրենց տվել է համապատասխան լիազորություն` ՀԱԿ-ի հետ երկխոսելու համար, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ խոսքը գնում է քաղաքական ուժերի միջեւ երկխոսության մասին:
Իր հերթին, ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք եկել են հանդիպման, քանի որ իրենց հրավիրել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ի պատվիրակության կազմում են` պատվիրակության ղեկավար` ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ-ից Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ-ից` Սամվել Աբրահամյան:
Հուլիսի 16-ին հրապարակվել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հետեւյալ հայտարարությունը. «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը՝ Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ։ Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 16։00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ («Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ) առաջին հանդիպման համար»:
Երել էլ` հուլիսի 17-ին, պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ-ը, որում մասնավորապես ասվում է. «Քանի որ ՀԱԿ-ը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել»:
«Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց»,-ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:




























