Ամերիկյան դոլարն անցյալ շաբաթվա գահավիժումից հետո նոր շաբաթը սկսել է կայուն վարքագծով: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր` հուլիսի 18-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 366.96 դրամ` ուրբաթ օրվա համեմատ արժեւորվելով 0.07 տոկոսով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.75 մլն դոլար:

Ըստ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության` անցյալ շաբաթ գլխավոր դրամատունը բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի իրականացրել` թույլ տալով դրամի ամրապնդում:

Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական գործարքներն այսօր փոխարժեքի վրա էական ազդեցություն չեն թողել: Ինչպես եւ երեկ` փոխանակման կետերը դոլարն ընդունում են 365-6 դրամով, վաճառում` 368 կամ 368.5 դրամով: