Ավարտվել է ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո երկու ճամբարների ներկայացուցիչներն էլ լրագրողներին հայտնել են, որ քննարկում, որպես այդպիսին, չի եղել: Հանդիպման ընթացքում ներկայացվել են միայն կողմերի դիրքորոշումներն այս կամ այն արդիական խնդրի վերաբերյալ: Հաջորդ հանդիպումների օրակարգը եւս չի հստակեցվել:
Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել է հետագա երկխոսության անցկացման վերաբերյալ կողմերի մոտեցումները, քանի որ դա է հիմքը քաղաքակիրթ երկխոսություն վարելու եւ հնարավոր համագործակցության հասնելու համար եւ դա բոլորովին չի նշանակում, որ կողմերի քաղաքական տարաձայնությունները դրանով վերանում են:
Նա վտահություն է հայտնել, որ այդ հանդիպումները շարունակություն կունենան, քանի որ այսօրվա նիստը բավական արդյունավետ էր:
Իր հերթին, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ այս հանդիպման ընթացքում որոշվել է, որ երկխոսության ընթացքում կարող է քննարկվել ցանկացած հարց: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ի պատվիրակությունը կրկին շեշտել է, որ երկրում ստեղծված վիճակից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են եւ այդ հարցը պետք է հստակեցնել մինչեւ սեպտեմբեր: «Մենք հայտարարեցինք, որ ներկա ճգնաժամի շարունակումը երկրի համար հղի է լուրջ սպառնալիքներով»,- ասել է Շահնազարյանը:




























