Հայաստանի բանակում պարտադիր ժամկետային զինծառայող 23-ամյա Խաչատուր Թադեւոսյանը, ով ինքնաձիգից կրակ էր բացել եւ իր ծառայակից 19-ամյա Կոլյա Մեսրոպյանի մահվան պատճառ դարձել, ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ քննչական ծառայությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 15-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 23-ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը` զորակոչված Շենգավիթի զինկոմիսարիատից, մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող, 19-ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին: Վերջինս զորակոչվել էր Կենտրոնի զինկոմիսարիտաից:
Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373-րդ հոդ. 3-րդ մասով («Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը») հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նույն օրը հայոց բանակում եւս մեկ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել: Ըստ այդմ` չպարզված հանգամանքներում զոհվել է N զորամասի զինծառայող, Լեռնային Ղարաբաղի բնակիչ, 34-ամյա Անդրեյ Հարությունյանը:



























