Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ջուզեպպե Ֆանտոցին Երեւանում քննարկել են «Ոռոգման համակարգի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի ուղղությունները, որը նախատեսվում է մեկնարկել  աշնանը եւ ավարտել 18 ամսվա ընթացքում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են նաեւ  ՀԲ-ի կողմից Հայաստանին առաջիկա տարիներին տրամադրվող վարկային միջոցներով  ոռոգման ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված,  շուրջ 40 մլն դոլար արժեքով  ծրագրային առաջարկություններին վերաբերող հարցեր: Ծրագրերի առաջին փուլի հիմնական նպատակն է վերակառուցել առաջնահերթ վերականգնման ենթակա մայր ջրանցքներն ու ներտնտեսային ջրագծերը: 

Կարեւորվել է հաստատված ծրագրերն  առաջնահերթության կարգով  այս տարվա աշնանը սկսելու հնարավորությունը` նպատակ ունենալով դրանք իրականացնել 2011-2012 թթ.  ձմռան ընթացքում  եւ ավարտել մինչեւ 2012 թ.-ի ոռոգման շրջանի սկիզբը: 

Որոշվեց, որ ՀԲ-ի  կողմից տրամադրվող գումարի շրջանակում ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀԲ-ի թիմի  հետ համատեղ առաջիկայում կմշակի եւ կներկայացնի ոռոգման համակարգի հեռանկարային զարգացման ծրագիր, որը հիմնականում ուղղված կլինի  ինքնահոս համակարգի ստեղծման ճանապարհով ոռոգելի հողատարածքների ընդլայմանը: