Իրանն ուրանի հարստացման իր գործարաններում սկսել է նոր սերնդի ցենտրիֆուգների կասկադների տեղադրումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հայտնում է mehr.ir գործակալությունը։

Նրա խոսքով, Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) հայտնել է նոր ցենտրիֆուգների տեղադրման մասին, եւ գործընթացն իրականացվում է գործակալության վերահսկողության ներքո։

Նշենք, որ ԱՄՆ եւ Արեւմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են ատոմային խաղաղ ծրագրի քողի տակ ռազմական նպատակներով միջուկային զենք ստեղծելու մեջ։ Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ ուղղվածություն ունի։