Իրանի Քերմանշահ քաղաքում այսօր` հուլիսի 19-ին կախաղան են բարձրացրել երեք մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել բռնաբարության եւ առեւանգման մեջ, հաղորդում է itar-tass.com-ը` վկայակոչելով ԻՍՆԱ գործակալությունը:

Այդ տղամարդիկ տեսանկարահանել էին իրենց բռնաբարությունը, նպատակ ունենալով գումար շորթել իրենց զոհերի հարազատներից, ինչը հետագայում օգնել էր իրավապահներին հանցագործներին բացահայտելու գործում:

Մահապատժի ի կատար ածմանը բազմաթիվ մարդիկ են ներկա եղել, ովքեր ի պաշտպանություն արդարադատության կարգախոսներ են հնչեցրել:

Իշխանությունների հայտարարությունների համաձայն, այս մահապատիժն այս տարի թվով 164-րդն է, որ իրագործվում է Իրանում: 2010-ին Իրանում իրագործվել է 179 մահապատիժ:

Ըստ Իրանում գործող օրենսդրության, որը հիմնված է Շարիաթի վրա, մահապատիժ է նախատեսված սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, թմրանյութերի առեւտրի, ամուսնական դավաճանության, մարմնավաճառության, պոռնոգրաֆիկ նյութերի տարածման, միասեռականության, հերետիկոսության, դավաճանության, լրտեսության համար:

Հարցումների համաձայն, երկրի բնակչության ճնշող մեծամասնությունն ամբողջությամբ կողմ է մահապատժին, համարելով, որ այն արդարացի պատիժ է հատկապես ծանր հանցագործությունների դեպքում: