Ադրբեջանական իշխանությունները Նախիջեւանում շարունակում են ճնշում գործադրել Ազատության եւ անվտանգության թղթակիցների ինստիտուտի տարածաշրջանային թղթակից Հաքիմէլդոսթ Մեհթիեւի նկատմամբ: Օրերս տեղի իշխանությունները անջատել են Մեհթիեւի` Նախիջեւանի Ջալիլ գյուղում գտնվող տան էլեկտրաէներգիան: Իշխանությունները երեւույթը բացատրել են նրանով, որ Մեհթիեւն անօրինական կերպով օգտագործում է իր տան կողքին տեղակայված անտոլվացման կետի էլեկտրաէներգիան: Արդյունքում Մեհթիեւն եւ նրա ընտանիքը զրկվել են կենցաղային հարմարություններից եւ հայտնվել տեղեկատվական բլոկադայում:
Մեհթիեւը կարծում է, որ իր նկատմամբ կիրառվող բռնությունը կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ, երբ ինքն ուղեկցել է գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» պարբերականի թղթակցին, որին ադրբեջանական իշխանությունները ժամանակ առաջ բառացիորեն վռնդել էին Նախիջեւանից:
Այսօր` հուլիսի 19-ին, Մեհթիեւին կանչել են շրջանային դատախազություն, սակայն նա հրաժարվել է գնալ, քանի որ դատախազությունը պատշաճ չի ծանուցել նրան:
Վերոնշյալ ինստիտուտի մեկ այլ տարածաշրջանային թղթակից` Էլման Աբասովը հայտնել է, որ վերջին շրջանում արտասահմանյան լրագրողների Նախիջեւան այցելությունից հետո տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են: Նրանք ենթարկվում են հարձակումների եւ բռնությունների:
Աբասովը եւ «Թուրանի» տարածաշրջանային թղթակից Իլգար Նասիբովը ուրբաթ օրը ենթարկվել են դաժան ծեծի, երբ փորձել են նկարահանել Մեհթիեւի տան էլեկտրաէներգիայի անջատումը: Միջադեպի առթիվ նրանք բողոք են ներկայացրել Նախիջեւանի դատախազություն:




























