Հայաստանի ԱԳՆ-ում այսօր` հուլիսի 19-ին, քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Հունաստանի ԱԳՆ-ների միջեւ` վարչության պետերի մակարդակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը:
Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը եւ այս համատեքստում առանձնացրել ՀՀ նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարեւորությունն երկկողմ հարաբերություններին նոր լիցք եւ բովանդակություն հաղորդելու առումով:
Հանգամանալից քննարկվել են առեւտրա-տնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվել դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Այդ կապակցությամբ կարեւորվել է առաջիկայում նախատեսված տնտեսական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ:
Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:
Փոխնախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հունական կողմն իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:




























