Հայաստանը չափազանց գրավիչ երկիր է՝ լեռնային տուրիզմի եւ ալպինիզմի զարգացման համար: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: Ըստ նրա` լեռնային տուրիզմի զարգացման համար Հայաստանն ունի բնական պայմաններ:
«Երկրի լեռնային ռելիեֆը կարող է հզոր հիմք ծառայել ալպինիզմի զարգացման համար, իսկ լեռնագնացային երթուղիների տեսակետից Հայաստանը կարող է առաջատար դառնալ ողջ աշխարհում»,-հայտարարեց Դանիելյանը` ափսոսանքով նշելով, որ Հայաստանում լեռնային տուրիզմը բավարար չափով ներկայացված չէ աշխարհին:
Նա առաջարկեց CNN կամ BBC հեռուստաալիքներով գովազդել Հայաստանը` որպես լեռնային տուրիզմի երկիր, ինչը կտա իր արդյունքները: Նրա խոսքով` Հայաստանում լեռնային տուրիզմի եւ ալպինիզմի զարգացմանը հիմնական խոչընդոտը համապատասխան օրենսդրական կարգավրոման բացակայությունն է:
«Օրինակ, երկիր է այցելում մի զբոսաշրջիկ եւ ցանկանում է բարձրանալ Արագած լեռը: Սակայն մենք չունենք որեւէ մարմին, ուր նա կարող է դիմել եւ տեղեկացնել, թե ուր է գնում, քանի օրով, որպեսզի արտակարգ պատահարի դեպքում փրկարարների օգնությունն ակնկալի: Այս ամենից հետեւում է, որ նա պետք է հույսն իր վրա դնի, առանց պետական մարմինների աջակցության կամ դիմի մասնավոր կազմակերպությունների»,-նկատեց Դանիելյանը:




























