Երբ Google-ն արգելեց Anonymous հաքերական խմբի մուտքը Google Plus սոցցանց, հաքերները խոստացել են ստեղծել իրենց սեփական սոցիալական ցանցը՝ AnonPlus-ը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ը:

Այն մասին, որ հաքերների խմբի մուտքը դեպի Google արգելվել է, հաքերական խումբը հայտնել է իր բլոգում։

«Շատ չի անցել այն օրից, երբ մեր մուտքն արգելվեց դեպի Google Plus, երբ մեր ձեռքերում հայտնվեց Gmail-ի հաշիվները»,- գրում է Anonymous-ը։ Ինչպես հաղորդվում է հաքերական խմբի բլոգի հաղորդագրությունում՝ խումբը վրդովված է, որ իրենց արգելում են մուտք գործել այնպիսի կայքեր ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ն ու Youtube-ը եւ մտադիր է վերջ դնել այդ ամենին:

Los Angeles Times-ը հաղորդում է, որ հաքերների մուտքն արգելված է նաեւ Google-ի այլ ծառայություններին։ Google-ի ադմինիստրացիան հաքերներից մեկի էջում տեղադրել է արգելքի բացատրությունը, ըստ որի էջի պարունակությունը խախտում է իրենց ցանցի օրենքները:

Ներկայումս AnonPlus-ը դեռ ամբողջությամբ չի գործում, սակայն շուտով սկսվելու է օգտագործողների գրանցումը:

Հիշեցնենք, որ հունիսին Anonymous-ի մի քանի անդամներ ձերբակալվել էին Իսպանիայում։ Նրանց մեղադրում էին PlayStation օգտագործողների անձնական տեղեկությունների գողության մեջ։

Նշենք, որ Google-ը հունիսի վերջին ներկայացրել է Google Plus սոցիալական ցանցը, որն ըստ այն մշակողների, հավակնում է դառնալ Facebook-ի մրցակիցը։