Amnesty International-ն Իսրայելն անվանել է «ապարտեիդ» պետություն, որը պաղեստինցիներին վերաբերում է ինչպես «ստորադաս ռասայական խմբի»՝ միանալով այլ իրավապաշտպան խմբերի գնահատականներին, որոնք հրեական պետությունը կտրականապես մերժում են։
Մեկ տարի առաջ Իսրայելում տեղակայված «Բեցելեմ» իրավապաշտպան կազմակերպությունը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ հայտարարեց, որ Իսրայելի քաղաքականությունն ուղղված է ապահովելու «հրեաների գերիշխանությունը Հորդանան գետից մինչեւ Միջերկրական ծով» եւ համապատասխանում է «ապարտեիդ» սահմանմանը:
Human Rights Watch-ն ապրիլին դարձավ առաջին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը հրապարակայնորեն հանդես եկավ նմանատիպ մեղադրանքով։
Amnesty-ի զեկույցը հիմնված է նախկին կոչերի վրա եւ հաստատում է, որ Իսրայելի կողմից պարտադրված ապարտեիդ գոյություն ունի օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ բուն Իսրայելում, որտեղ արաբ քաղաքացիները կազմում են բնակչության ավելի քան 20 տոկոսը:
«Անկախ նրանից, թե նրանք ապրում են Գազայում, Արեւելյան Երուսաղեմում եւ Արեւմտյան ափի մնացած մասերում, պաղեստինցիներին վերաբերվում են որպես ստորադաս ռասայական խմբի եւ համակարգված կերպով զրկվում են իրենց իրավունքներից»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:
Amnesty International-ն ընդգծում է, որ Իսրայելի վերաբերմունքը պաղեստինցիների նկատմամբ չի համեմատում ապարտեիդի ժամանակաշրջանում Հարավային Աֆրիկայում տիրող պայմանների հետ, սակայն հայտարարել է, որ Իսրայելի պահվածքը եւ քաղաքականությունը համապատասխանում են ապարտեիդի հանցագործության չափանիշներին։
Կալամարը AFP-ին ասել է, որ Իսրայելի արաբ քաղաքացիները «նույն կերպ չեն զգում ապարտեիդը, ինչպես Գազայի պաղեստինցիները», սակայն երկու վայրերում էլ գոյություն ունի «ապարտեիդի ռեժիմ»:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հորդորել էր Amnesty-ին «հետ կանչել» զեկույցը։ «Ժամանակին Amnesty-ն հարգված կազմակերպություն էր, որին մենք բոլորս հարգում էինք: Այսօր ամեն ինչ հակառակն է»,- ասել է Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը։ «Amnesty International-ը մեջբերում է ահաբեկչական կազմակերպությունների տարածած ստերը»,- հավելել է նա՝ զեկույցն անվանելով «իրականությունից կտրված»:




























