Չինաստանն Արեւմուտքին սպառնում է  «ավելի լկտի», քան երբեւէ։ Այդ մասին հայտարարել Է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը։ Նա Պեկինին մեղադրել է «ամերիկյան գաղափարներն ու նորարարությունները գողանալու եւ զանգվածային հաքերային գործողություններ իրականացնելու մեջ», փոխանցում է AP-ն ։

«Եթե ամփոփենք մեր հետաքննությունների արդյունքները, որոնցից ավելի քան 2000 -ը կենտրոնացած են մեր տեղեկատվությունը կամ տեխնոլոգիաները գողանալու չինական կառավարության փորձերի վրա, ապա պարզ կդառնա, որ չկա մի երկիր, որն ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մեր գաղափարներին, նորարարություններին եւ տնտեսական անվտանգությանը, քան Չինաստանը», - նշել է նա:

Ռեյի խոսքով՝ ՀԴԲ-ն նոր գործեր է բացում չինական հետախուզության գործողություններին հակազդելու համար մոտավորապես յուրաքանչյուր 12 ժամը մեկ, ընդ որում  «չինացի կառավարական հաքերները ավելի շատ անձնական եւ կորպորատիվ տվյալներ են գողանում, քան մյուս բոլոր երկրները միասին վերցրած»:

«Չինաստանի կառավարության տնտեսական լրտեսության վնասը ոչ միայն այն է, որ նրա ընկերություններն առաջ են շարժվում՝ հիմնվելով ապօրինի ճանապարհով ստացված տեխնոլոգիաների վրա։ Մինչ նրանք առաջ են ընթանում, նրանք ետ են մղում մեր ընկերություններն ու աշխատողներին։ Այդ վնասը՝ ընկերությունների անհաջողությունները, աշխատատեղերի կորուստը, կուտակվել է տաս տարի շարունակ՝ բերելով այն ճնշմանը, որը մենք զգում ենք այսօր։ Դա վնաս է, որն ամբողջ երկրում զգում են մի շարք ոլորտների աշխատողները»։ 

Նրա խոսքով՝ Չինաստանի կողմից սպառնալիքը հազիվ թե նոր է, սակայն այն չի թուլացել նաեւ վերջին տասնամյակում։

«Ես շատ եմ խոսել այդ սպառնալիքի մասին այն ժամանակից ի վեր, երբ տնօրեն եմ դարձել 2017 թվականին։ Բայց ես ուզում եմ կենտրոնանալ դրա վրա, քանի որ այն հասել է նոր մակարդակի՝ ավելի լկտի, ավելի կործանարար, քան երբեւէ, եւ կենսական նշանակություն ունի այն, որ մենք բոլորս միասին կենտրոնանանք այդ սպառնալիքի վրա», - ասել է Ռեյը։