Մեծ Բրիտանիան 1,4 միլիարդ ֆունտ ստերլինգ է ներդնում տիեզերքում բրիտանական արբանյակների քանակի ավելացման համար իր առաջին պաշտպանական տիեզերական ռազմավարության շրջանակներում, փոխանցում է AP-ն ։

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի խոսքով՝ «չափազանց կարեւոր է», որպեսզի Մեծ Բրիտանիան առաջ մղի «պաշտպանական տիեզերական հավակնությունների սահմանները», որպեսզի «մրցակիցներից մեկ քայլ առաջ մնա»:

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կառավարության ներդրումների շրջանակներում առաջիկա 10 տարիների ընթացքում կհատկացվի 968 մլն ֆունտ ստերլինգ բազմաոլորտ համակարգ ստեղծելու համար, որը հայտնի է որպես «Իստարի» ծրագիր՝ ռազմական գործողությունների համար ավելի լայնածավալ գլոբալ դիտարկման եւ հետախուզության աջակցման համար:

Եվս 61 մլն ֆունտ ստերլինգ կուղղվի լազերային կապի առաջավոր տեխնոլոգիաների ուսումնասիրությանը՝ տիեզերքից Երկիր տվյալներ առաքելու համար գերարագ լայնաշերտային համարժեք արագությամբ:

Պաշտպանական տիեզերական ռազմավարությունը հետեւում է ազգային տիեզերական ռազմավարությանը, որը հրապարակվել է սեպտեմբերին:

Պաշտպանության նախարարության փաստաթղթում շարադրված է, թե ինչպես է այն պլանավորում պաշտպանել Մեծ Բրիտանիայի ազգային շահերը տիեզերքում «անընդհատ աճող սպառնալիքների» դարաշրջանում: