Վեֆ-ինտերֆեյսի միջոցով «Մեգաֆոն»-ի բջջային համարներին ուղարկվող SMS հաղորդագրությունների հրապարակայնացմանը կարող է մասնակից լինել Yandex որոնողական համակարգը: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստիի», հայտարարել է «Մեգաֆոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Վալերի Երմակովը:

Պարզվել է, որ «Մեգաֆոնի» կայքի միջոցով SMS ուղարկելուց հետո ստեղծվում է ժամանակավոր ծառայողական էջ` հաղորդագրության տեքստով ու այն ստացողի հեռախոսահամարով: Այդ էջերի պատճենը, ինչ-որ պատճառով հայտնվել է Yandex-ում, գրում է Lenta.ru-ն:

Օպերատորը կարծում է, որ այդ էջերի պատճենները Yandex-ի սերվերին կարող է ուղարկել Yandex-Bar-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ինտերնետում ազատորեն հայտնվել են ռուսական 4 խոշոր բջջային օպերատորների բաժանորդներին ուղարկված SMS հաղորդագրությունները:

Ռուսական Yandex որոնողական համակարգի միջոցով կարելի էր ստանալ մի քանի հազար SMS հաղորդագրություններ: Բացի այդ, Yandex օգտագործողները կարող էին տեսնել նաեւ այն հեռախոսահամարները, որոնց ուղարկվել էին հաղորդագրությունները: Տեղի ունեցածի պատճառների մասին վարկածները հակասական են: