Որքան էլ միջազգային հանրությունն օգտագործի իր գործիքները, կողմերն իրենք պետք է քաղաքական կամք ունենան։ Այս մասին փետրվարի 2-ին Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ամբողջ աշխարհը տեսնում է Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցելու եւ խնդրահարույց հարցեր լուծելու համար։ Մենք այս մասին հայտարարել ենք, դա արտացոլված է կառավարության ծրագրում, որից հետո ընտրություններ տեղի ունեցան, եւ ժողովուրդն, ըստ էության, քվեարկեց հանուն խաղաղության։ Սակայն Բաքվից հակադարձ հաղորդագրություններ են գալիս»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարության մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունն ու քայլերը սահմանին, հումանիտար հարցերը լուծելուց հրաժարվելը, գերիների պահելը, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը:

«Չնայած դա եռակողմ հայտարարությամբ չէր ենթադրվում, այնուհանդերձ, հայկական կողմը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզները, քանի որ մենք չենք ուզում, որ մարդիկ մահանան, եւ միակողմանի կարգով լուծեցինք հարցը»,- հիշեցրեց նախարարը։

«Պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգռված է եւ հայտարարում է խաղաղություն եւ կայունություն կառուցելու իր պատրաստակամության եւ ցանկության մասին, պետք է լինի նաեւ մյուս կողմից կառուցողական մոտեցում լինի։ Դրան չի նպաստում ագրեսիվ եւ հակահայկական հռետորաբանությունը, այլ՝ հակառակը»,- ​​ասաց Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա դեկտեմբերին Հաագայի դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանությունը եւ կոչ արել եւ նույնիսկ ստիպել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը զերծ մնալ նման հռետորաբանությունից։