Երեւանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Երեւանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ալեքսանդր Շալենբերգը։
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ավստրիացի գործընկերոջ այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Նախարարի խոսքով՝ անցած երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, համագործակցության լուրջ փորձ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Միրզոյանը նշեց, որ ողջ ներուժը չի օգտագործվել, սակայն հույս կա, որ այցը խթան կհանդիսանա հարաբերությունների հաջորդ փուլ անցնելու համար։ Արտգործնախարարը հայտնեց, որ ավստրիական պատվիրակությանը ուղեկցում է գործարար պատվիրակություն, եւ որ վաղը կանցկացվի գործարար համաժողով։ Նախարարի այցի ընթացքում կբացվի նաեւ Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակը, որը նույնպես կդառնա համագործակցության կարեւոր տարրերից մեկը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարցերին, տարածաշրջանում եւ աշխարհում տիրող իրավիճակին։ Արտգործնախարարն իր ավստրիացի գործընկերոջը տեղեկացրեց տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հակամարտության կարգավորման, սահմանին տիրող իրավիճակի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության մասին։ Նախարարը նշեց, որ Ավստրիայի արտգործնախարարը ողջունում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ու կարգավորմանն ուղղված ջանքերը եւ աջակցություն է հայտնում բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, առաջին հերթին՝ գերիների վերադարձմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանը։
Իր հերթին, Ալեքսանդր Շալենբերգը հայտարարեց, որ հարաբերությունների կարեւորության մասին վկայում է այն փաստը, որ սա Ավստրիայի արտգործնախարարի արդեն երկրորդ այցն է Հայաստան վերջին 12 ամսվա ընթացքում։ «Նախորդ անգամ ինձ ուղեկցել են գործընկերները Լիտվայից եւ Ռումինիայից։ ԵՄ-ի անունից մենք փոխանցում են հստակ ուղերձ առ այն, որ մենք ցանկանում ենք տեսնել եւ նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը։
Ես այստեղ եմ երկկողմ ձեւաչափի շրջանակում, եւ իմ ուղերձը նույնպես հստակ է․ մենք շարունակելու ենք աջակցել տարածաշրջանին եւ Հայաստանին, մենք շահագրգռված ենք եւ վստահ, որ տարածաշրջանը մեծ ներուժ ունի։ Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացումը Երեւանում մեզ ավելի շատ տեղ է տալիս Հայաստանի եւ տարածաշրջանի քարտեզի վրա եւ համագործակցության արտացոլումն է։
2011 թվականից Հայաստանը գործընկեր երկիր է զարգացման աջակցության համատեքստում, բայց խոսքը միայն զարգացման մասին չէ։ Դուք նշեցիք տարածաշրջանում տեղի ունեցող կարեւոր գործընթացները, եւ ես աջակցում եմ դրանց։ Վերջին անգամ ես այստեղ էի 2021 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր տրամադրվածությունը փոխվել է, ավելի հուսադրող է դարձել։ Եվ ես հավատում եմ, որ կա ներուժ, հեռանկար։ Ուզում եմ շեշտել, որ մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ։ Եվ մենք տեսնում ենք մի շատ կարեւոր տարր, այն է՝ Թուրքիայի հետ պատմական պատճառներով խախտված հարաբերությունները կարգավորելու գիտակցված քայլերի իրականացում։ Սա լուրջ քայլ կլինի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,- նշեց ավստրիացի նախարարը։
Ավստրիայի գործարար պատվիրակության կազմում՝ 20 ընկերությունների ներկայացուցիչներ, կողմերն ակնկալում են, որ ֆորումի աշխատանքներն արդյունավետ կլինեն։
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանն ունի մրցունակ շուկա, եւ երկրի իշխանություններն անզիջում պայքար են մղում կոռուպցիայի դեմ։ Սա անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ավստրիական ընկերությունների համար, հայտարարեց Արարատ Միրզոյանը։





























