ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի դեսպանորդները կոչ են արել Կոսովոյին եւ Սերբիային ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններում կոնկրետ առաջընթացի հասնել, հաղորդում է AP-ն:
Բանակցություններում ԵՄ-ի հատուկ դեսպանորդ Միրոսլավ Լայչակը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարն ավարտել են եռօրյա այցը Պրիշտինա, որտեղ նրանք հանդիպել են տեղի ղեկավարների եւ միջազգային հանրության հետ:
«Մենք երկուսս էլ ցանկանում ենք, որ Կոսովոն եւ Սերբիան էջը թերթեն, անցյալը թողնեն ետեւում եւ կարգավորեն հարաբերությունները», - ասել է Լայչակը Բելգրադ մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը:
«Միջազգային հանրությունն ավելի արագ առաջընթաց էր ակնկալում երկխոսության մեջ 2021 թվականին, եւ մենք հույս ունենք, որ այդպես կլինի նաեւ 2022 թվականին», - հավելել է նա:
Արևմտյան Բալկանների երկրները գտնվում են Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացի տարբեր փուլերում։
Բրյուսելը հստակ հասկացրել է երկու երկրներին, որ նրանք չեն կարողանա առաջ շարժվել ԵՄ-ին անդամակցելու իրենց ջանքերում, քանի դեռ չեն կարգավորել հարաբերությունները։
ԵՄ-ի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկից ի վեր 11 տարի առաջ Բելգրադը եւ Պրիշտինան պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ ազատ երթեւեկություն կամ առեւտուր:
Էսկոբարը կրկնել է, որ ԱՄՆ վարչակազմը վճռականորեն պաշտպանել Է Կոսովոյի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սակայն երկու երկրները պետք է որոշեն, թե ինչպես կարգավորեն իրենց հարաբերությունները եւ ինչ պետք է քննարկեն։




























