ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայում ցամաքային հրթիռների կամ մարտական ուժերի տեղակայման վերաբերյալ փոխադարձ համաձայնության շուրջ, ասվում է իսպանական El Pais թերթի հրապարակած փաստաթղթերում։
Փաստաթղթերը, որոնք, թերթի պնդմամբ, Վաշինգտոնի եւ ՆԱՏՕ-ի պատասխանն են Ռուսաստանի անվտանգության վերջին պահանջներին, նաեւ ուրվագծում են ռազմական միջադեպերի սահմանափակմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը եւ հավաստիացնում Մոսկվային, որ Ռումինիայում եւ Լեհաստանում «Տոմահավկ» հրթիռներ տեղադրված չեն:
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է եւ վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասվում է փաստաթղթերում։ «Մենք միշտ խաղաղության, կայունության եւ անվտանգության ենք ձգտել եվրաատլանտյան տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպայի համար: Սա է մնում մեր նպատակը եւ մեր անսասան տեսլականը»։
El Pais-ը չի հայտնել, թե ինչպես է ստացել փաստաթղթերը։
Փաստաթղթերը Կրեմլին են հանձնվել անցյալ ամիս՝ Ուկրաինայի շուրջ Մոսկվայի եւ Արևմուտքի միջեւ լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ֆոնին:
«Մենք խորապես հավատում ենք, որ լարվածությունն ու տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության, այլ ոչ թե ուժի սպառնալիքի կամ կիրառման միջոցով»,- ասվում է El Pais-ի հրապարակած փաստաթղթերում։





























