Բեռնատարների վարորդները, ովքեր վեց օր շրջափակել են Օտտավայի կենտրոնը, ասել են, որ չեն պատրաստվում լքել Կանադայի մայրաքաղաքը, քանի դեռ կառավարությունը չի չեղարկել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումները, հայտնում է Reuters-ը։

Չնայած աղմուկի, շրջակա միջավայրի աղտոտման եւ որոշ վարորդների ագրեսիվ պահվածքի վերաբերյալ բնակիչների կողմից աճող բողոքներին, Օտտավայի ոստիկանությունը հրաժարվել է ցրել ցույցը՝ պատճառաբանելով լարվածության աճի ռիսկը:

Ցույցի նպատակն է եղել ստիպել վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կառավարությանը, որ հրաժարվեն արտասահմանից ժամանող բեռնատարների վարորդներին պատվաստելուց: Այնուհետեւ այն վերածվել է Թրյուդոյի դեմ ավելի պոպուլիստական շարժման:

«Մենք հասկանում ենք ձեր հիասթափությունը... բայց ձեր անհարմարության պատասխանատվությունն ամբողջությամբ դրված է քաղաքական գործիչների ուսերին»,- Օտտավայի բնակիչներին հայտարարել է բողոքի ցույցի առաջնորդ Քրիս Բարբերը: «Մենք այստեղ ենք եւ ոչ մի տեղ չենք գնալու, քանի դեռ չենք հասել մեր նպատակին, որպեսզի տեսնենք COVID-19-ի բոլոր մանդատների վերջը եւ դրանով իսկ բոլոր կանադացիների ազատությունների վերականգնումը»,- ասել է նա:

Թրյուդոն երկուշաբթի հայտարարել էր, որ կանադացիների համար զզվելի է որոշ ցուցարարների պահվածքը։

Օտտավայում ոստիկանների անգործությունը, որոնցից ոմանք սելֆի են արել ցուցարարների հետ, հակադրվում է արեւմտյան Ալբերտա շրջանի իշխանությունների հաստատակամ գործողություններին:

Կանադայի թագավորական հեծելազորային ոստիկանությունը երեքշաբթի հանվել է Քութս քաղաքում ԱՄՆ-ի սահմանը շրջափակած վարորդների դեմ, սակայն մի քանի բախումներից հետո նահանջել է: