ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը շարունակում է ավելացնել ռազմական հզորությունն Ուկրաինայի շուրջ եւ ավելի շատ զորք եւ զինտեխնիկա է ուղարկել Բելառուս, քան երբևէ վերջին 30 տարվա ընթացքում, հայտնում է AP-ն։

«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ռուսաստանի զինված ուժերի զգալի վերատեղակայմանը Բելառուս։ Սա ռուսական ամենախոշոր տեղակայումն է այնտեղ Սառը պատերազմից ի վեր»,- ասել է Ստոլտենբերգը  լրագրողներին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Նրա խոսքով՝ «Բելառուսում ռուսական զորքերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի մինչեւ 30 հազար մարդ՝ հատուկ նշանակության ուժերի, ժամանակակից կործանիչների, «Իսկանդեր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների եւ «Ս-400» «երկիր-օդ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի աջակցությամբ։

«Այսպիսով, մենք խոսում ենք ժամանակակից ռազմական հնարավորությունների լայն շրջանակի մասին։ Այս ամենը կզուգակցվի ռուսական ամենամյա միջուկային զորավարժությունների հետ, որոնք նախատեսվում է անցկացնել այս ամիս»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա «դեէսկալացման» կոչ է արել Ռուսաստանին եւ կրկնել է Արեւմուտքի նախազգուշացումներն առ այն, որ «ռուսական ցանկացած հետագա ագրեսիա լուրջ հետեւանքներ եւ ծանր գին կունենա»:

Ստոլտենբերգը նաեւ ողջունել է նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ԱՄՆ-ում տեղակայված 2000 զինծառայողներին Լեհաստան եւ Գերմանիա եւ եւս 1000 զինվորի Գերմանիայից Ռումինիա տեղափոխելու մասին՝ դաշնակիցներին եւ հակառակորդներին ցույց տալով Վաշինգտոնի հավատարմությունը ՆԱՏՕ-ի արեւելյան թևին:

«Մենք ձգտում ենք ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, բայց պետք է պատրաստ լինենք վատթարագույնին», - ասել է Ստոլտենբերգը։