Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման մասին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում ընդգրվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչեւ 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձեւաչափի»,- ասվում է հաղորդագրության մեջ։   

Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետի որոշմանը նախորդել էր այն լուծարելու որոշումը։ Պաշտպանության նախարարի գլխավորած գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը, ինչպես նաեւ դրան կից աշխատանքային խումբը երկար տարիներ բավականին հաջող աշխատել է։ Հանձնաժողովում միշտ եղել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մինչեւ վերը նշված լուծարումը։