Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը վերացնելու հարցը պատճառ է դարձել, որ Իրանը ճնշումներ բանեցնի Բաքվի վրա, որի հետեւանքով «վերջին պահին» համաձայնագիրը չի ստորագրվել: Այս մասին թուրք լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը, հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով Today`s Zaman-ը:

Ալի Հասանովի խոսքով, իրանական կողմը հայտարարել է, որ կփակի Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ գործող ճանապարհը, եթե Բաքուն վերացնի վիզային ռեժիմը թուրքերի համար, եւ պահպանի այն իրանցիների համար:

Նշենք, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի մյուս շրջանների միջեւ ապրանքների, այդ թվում գազի մատակարարումները կատարվում են հենց Իրանի տարածքով: «Եթե մենք հրաժարվենք վիզային ռեժիմից, ապա նույնը պետք է անենք եւ Թուրքիայի եւ Իրանի քաղաքացիների համար»,- ասել է Հասանովը:
Նա նաեւ նշել է, որ հիմնական մտավախությունները կապված են Իրանից թմրանյութերի ներթափանցման հետ: «Շուրջ 300 տոննա թմրանյութ Ադրբեջանի տարածքով Իրանից հասնում է Եվրոպա: Մենք առգրավում ենք միայն 5-10 տոննան, իսկ մնացած մասը չի հայտնաբերվում»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան: