Չեռնոգորիայի սկուպշչինան (81-տեղանոց խորհրդարան) արտակարգ նիստում հրաժարվել է աջակցել երկրի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչի՝ նրա մանդատը կրճատելու առաջարկին: Նիստի հեռարձակումը ուրբաթ օրը վարում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Առաջարկն օրակարգում դնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ 28 պատգամավոր քվեարկել է կողմ, 6-ը՝ դեմ, 42-ը ձեռնպահ է մնացել: Այսպիսով, մանդատի կրճատման առաջարկը չի ընդունվել խորհրդարանի կողմից, ինչից հետո խոսնակ Ալեքսա Բեչիչը հայտարարել է երկրորդ արտակարգ նիստը փակելու մասին:
Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, Չեռնոգորիայի կառավարությունը որոշում էր կայացրել առաջարկել խորհրդարանին դադարեցնել դրա լիազորությունները նախքան մանդատի ժամկետի լրանալն ու անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ մայիսին: Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի մանդատը կարող է ավարտվել ժամկետից առաջ կամ մանդատը կրճատելու կամ խորհրդարանը ցրելու միջոցով: Խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատումը կարող է առաջարկվել հանրապետության նախագահի կամ կառավարության կողմից, կամ 25 պատգամավորի ստորագրությունների հիման վրա: Մանդատը կրճատելու մասին որոշումն ընդունվում է պատգամավորների ձայների մեծամասնության կողմից (41 ձայն 81-ից):
Ավելի վաղ խորհրդարանին ներկայացվել էր Կրիվոկապիչի գլխավորությամբ երկրի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախաձեռնությունը: Ի պատասխան դրան՝ նա խորհրդարանին ներկայացրել էր առաջարկ այդ նախաձեռնության հեղինակ փոխվարչապետ Դրիտան Աբազովիչի հրաժարականի մասին. քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին եւ աջակցություն չի ստացել պատգամավորների կողմից: Չեռնոգորիայում կառավարության նկատմամբ անվստահության հարցով խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա առաջիկայում:




























